Նոր իշխանություններն վերջին ամիսներին այնքան սխալ են արել, որ մեր սխալները կամաց կարող են փակվել, սկսած անվտանգության հարցերից, արտաքին մարտահրավերներից: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, հրապարակում հայտարարվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները գեղեցիկ, հրաշք ձեւի զարգանում են, բայց որեւէ ակնկալիք չենք տեսնում. «25 տարվա մեջ, երեք նախագահների կառավարման ընթացքում ես չեմ տեսել ու լսել որեւէ ակնարկ Ռուսաստանի ԱԳ նախարարից, որ ՀՀ իշխանությունը, որն իր դաշնակից պետությունն է, մի բան ասում է, մեկ այլ բան՝ անում: Կենացներ խմելով չի հայ-ռուսական կամ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում: Ես մտահոգություններ ունեմ նաեւ ՀԱՊԿ-ի մասով: Լուկաշենկոյի հայտարարությունը եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանին որեւէ մեկը օդից գլխավոր քարտուղարի պաշտոն չի տվել: Սերժ Սարգսյանի իշխանությունն արել է ամեն ինչ, որ այդ հեղինակավոր կազմակերպությունում Հայաստանը ստանձնի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Աստված մի արասցե, եթե ապագայում ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի նախագահությունն անցնի այլ երկրի, այստեղ քաղաքական պատասխանատվությունը պետք է ընկնի Փաշինյանի կառավարության եւ անձամբ իր վրա»,-հայտարարեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ այսօր պետք է առաջ նայել, որովհետեւ ապագան շատ մշուշոտ է եւ կառավարությունը պետք է պատրաստ լինի մարտահրավերներին դիմակայելու: «Որեւէ մեկի մոտ թող կարծիք չձեւավորվի, որ մենք ուրախանում ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում վատ է, որ Լավրովը կպավ Փաշինյանի կառավարությանը, կամ Սվիտալսկին ասաց՝ եթե փող եք ուզում, ինչու հստակ դիրքորոշում չունեք: ԱՄՆ դեսպանն ասում է, դեռ հստակ ներդրումներ նախատեսված չեն: Մենք դրանից չենք ուրախանում: Ժամանակը ցույց է տվել, որ ամենաշատը մենք ենք շահագրգռված, որ մեր երկրում առնվազն անվտանգության առումով պահենք մեր դիրքերը: Իսկ մտահոգությունները շատ լուրջ են, որոնց մասին պետք է խոսել: Ցավոք, մենք օգոստոսի 17-ին հրապարակում լսեցինք ամբոխավար գործչի ելույթ, որը մի պահ մոռացել էր, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան է, որի համար ցավում եմ»,-իր խոսքն ամփոփեց Շարմազանովը:





























