Մալայզիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Ինդոնեզիայից երկու երիտասարդ կանանց նկատմամբ, որոնք որպես վկա են անցնում Կուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր սպանության գործով: Այս մասին նշված է շաբաթ տարածված Սելանգոր նահանգի իրավապահ մարմինների քրեական վարչության ղեկավար Ֆաձիլ Ահմաթի հայտարարության մեջ, հայտնում է New Straits Times պարբերականը:

«Ոստիկանության աշխատակիցները չեն կարողանում կապ հաստատել 24-ամյա Ռեյսա Սալմայի եւ 33-ամյա Ազիրուլ Նիզամայի հետ, որոնք վերջին անգամ եղել են տեղի հյուրանոցներից մեկում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիմ Չեն Նամը մահացել է 2017 թվականի փետրվարի 13-ին Կուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց ճանապարհին: Մալայզիայի իշխանությունները հայտարարել են, որ մահվան պատճառը արգելված նյարդակաթվածահարող նյութ VX-ի ազդեցությունն էր:

Մալայզիայի գերագույն դատարանը որոշել է դատավարությունը շարունակել եւ անփոփոխ է թողել Ինդոնեզիայի քաղաքացի Սիտի Այսիայի եւ Վիետնամի քաղաքացի Դոան Թհի Հուոնգի մեղադրյալի կարգավիճակը: Դատապարտյալներին սպառնացող առավելագույն պատիժն է կախաղանի միջոցով մահապատիժը: