Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտեմ Պետրոսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:

«Ես չեմ կարծում, որ նախաքննական մարմինը երկրորդ անգամ կգնա նրան, որ խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգի: Կարծում եմ, որ խափանման միջոցը, այնուամենայնիվ, կփոխվի»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ Արտեմ Պետրոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Նա հանցանք չունի կատարած, մեղադրանք են առաջադրել, բայց ինքն ապացույցները ներկայացրել է, որ ինքն առնչություն չունի կատարված հանցագործությունների հետ»:

Նշենք, որ Արտեմ Պետրոսյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր»: Ըստ նույն հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: