Այս պահին մեկնաբանություն չանեմ, բայց էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ, և դա ամենևին պարզ հարց չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին ասել է այսօր՝ սեպտեմբերի 3-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է 2019 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում:
Վարչապետի խոսքով՝ սոցիալապես անապահովների համար սակագնի իջեցում արդեն տեղի է ունեցել:
«Բացի այդ՝ ասեմ, որ աշխատանքային խումբ ենք ստեղծել, որը զբաղվում է սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելով: Այս պահին մեկնաբանություն չանեմ, բայց էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ, և դա ամենևին պարզ հարց չէ: Մի քանի օր առաջ ինձ զեկուցեցին, որ ՀԱԷԿ-ում 500 աշխատող կա, որոնք, ըստ էության, հավելյալ հաստիքներ են: Մարդիկ աշխատում և աշխատավարձ են ստանում»,- ասաց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ նախկին իշխանությունները մարդկանց աշխատանքի են տեղավորել «ընտրությունների համատեքստում», այդպես է պրոբլեմն առաջացել:
«Չենք կարող գրչի մի հարվածով աշխատանքից ազատել այդ մարդկանց, քանի որ սոցիալական խնդիր կառաջանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:





























