Հայաստանի Փաստաբանների պալատը մշակել է հայհոյանքը քրեականացնող օրենքի նախագիծ, իսկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրավոր հայտնել է, որ պատրաստվում է այդ առաջարկը շրջանառության մեջ դնել:

Ըստ առաջարկի՝ Քրեական օրենսգիրքն ունենալու է 135.1 հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հայհոյանքը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի եւ հասկացությունների հրապարակային արտահայտումն է համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակով»:

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծիք հայտնեց, որ սա արվում է ընդամենն իրական խնդիրներից ուշադրություն շեղելու համար: Վարոսյանը հիշեցրեց, որ ինքը տեւական ժամանակ է՝ խոսում է Փաստաբանների պալատում առկա խնդիրների մասին, իսկ վերջին մեկ ամիսն էլ պետական միջոցների ոչ նպատակային ծախսերի հարցով հրապարակային դիմել է արդարադատության նախարարին: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, Զեյնալյանը, այդ անարդյունավետ ծախսերով զբաղվելու փոխարեն, որոշել է շրջանառության մեջ դնել հայհոյանքը քրեականացնելու մասին նախագիծը:

«Այս նախագծի հեղինակներն էլ են հասկանում, որ սա լուրջ բան չէ, ընդամենը շեղելու, զբաղեցնելու միջոց կարող է ծառայել: Ես զարմացած եմ նախարարի դիրքորոշումից, հատկապես այն ֆոնին, երբ փաստաբանների կողմից բարձրացվում են շատ ավելի կարեւոր հարցեր:

Պետական բյուջեի միջոցներից տարեկան մոտ 50 միլիոն դրամի ոչ նպատակային ծախսը մի՞թե այն հարցն էր, որ նախարարին պետք է պակաս հետաքրքրեր, քան ինչ-որ անլուրջ, որոշակի նպատակներ հետապնդող Արա Զոհրաբյանի առաջարկը: Արդարադատության նախարարը պետք է հրապարակային պատասխան տա՝ ինքը հավանություն տալի՞ս է, որ իր կողմից վերահսկվող պետական ֆինանսական միջոցները ծախսվեն Արա Զոհրաբյանի և նրա ընտանիքի կարիքների համար ծառայողական մեքենա գնելուն և այն սպասարկելուն:

Արտակ Զեյնալյանը պետք է հրապարակային պատասխան տա, թե թույլատրելի համարում է արդյոք որ պետության կողմից Հանրային պաշտպանի գրասենյակին տրամադրվող տարեկան մոտ 50 միլիոն դրամը ուղղվի Պալատի ուռճացված աշխատակազմի աշխատավարձերը վճարելուն, եթե այդքան գումարով հնարավոր էր ունենալ հանրային պաշտպանի 10 նոր հաստիք:

Այս հարցերը թողած՝ հայհոյանքն ենք քրեականացնո՞ւմ: Ժամանակն է, որ մենք պատասխան ստանանք արդարադատության նախարարությունից, ի վերջո, այդ կառույցում ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանը նկատեց, որ Հայաստանում վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվությունը վաղուց է կանոնակարգված, հետեւաբար, ըստ Վարոսյանի, այս նախագիծն ուղղակի ծաղր է մեր իրականությանը: