Իրաքի Բասրա քաղաքում ցուցարարները հրկիզել են կառավարության շենքը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով անվտանգության աշխատակիցներին:

Ցուցարարները արգելափակել են նաեւ Բասրայից Բաղդադ ճանապարհը՝ բողոքելով էլեկտրականության տատանումների, գործազրկության եւ արմատացած կոռուպցիայի դեմ:

Ավելի վաղ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ էին կիրառել եւ սկսել էին օդ կրակել` փորձելով ցրել ցուցարարներին:

Նախօրեին 5 ցուցարարների մահը ավելի է զայրացրել մարդկանց: Բախման հետեւանքով վիրավորվել է 22 զինծառայող:

Այսօր ակցիաները շարունակվել են տեղական ինքնակառավարման մարմնի շենքի մոտ, որտեղ  հավաքվել են հազարավոր մարդիկ:

Բասրայի բնակիչները ասում են, որ ջրամատակարարման համակարգի մեջ ներթափանցած աղը ջուրը խմելու համար անպիտան է  դարձնում եւ հարյուրավոր բնակիչներ հիվանդանոցներում են հայտնվել: