ԱՄՆ-ն Չինաստանի հետ առեւտրային տարաձայնությունների վերաբերյալ համաձայնության դեռեւս չի հասել: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ բանակցությունները կշարունակվեն, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, բանակցությունները լավ են ընթանում, բայց ԱՄՆ-ն պատրաստ չէ գործարք կնքել, որը «չինացիներն են ցանկանում»: «Մենք շարունակելու ենք բանակցությունները Չինաստանի հետ: Ես մեծ հարգանք եմ տածում Չինաստանի նախագահ Սի Ցզինպիի նկատմամբ», - ասել է Թրամփը: «Բայց հիմա մենք պարզապես չենք կարող գործարք կնքել»:
Նշենք, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը 50 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների ներմուծման համար փոխադարձ մաքսատուրքեր են սահմանել: Թրամփը պատրաստվում է 200 մլն դոլար արժողությամբ չինական ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել:
Չինաստանը ԱՄՆ-ի ղեկավարությանը մեղադրել է կոշտ մարտավարություն կիրառելու մեջ եւ հետագա բանակցությունների կոչ արել:





























