Հարավկորեացի պետական մեղադրողները երկրի նախկին նախագահ Լի Մյոն Բաքի համար 20 տարվա ազատազրկում են պահանջել, հայտնում է Yonhap գործակալությունը:
Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի սկզբին: Երկրի նախկին նախագահը մեղադրվում է 2008-2013 թվականներին իր իշխանավարման տարիներին կատարած կոռուպցիայի եւ մի շարք այլ խախտումների մեջ: Նրան ընդհանուր մեղադրանք է առաջադրվել 16 կետով:
Քննության վարկածով՝ Լի Մյոն Բաքը կարող էր Ազգային հետախուզական ծառայության գաղտնի ֆոնդերից ապօրինի ստանալ միջոցներ եւ յուրացնել, որոնք նախատեսված էին գաղտնի գործողությունների ֆինանսավորման համար: Նա այդ կերպ կարող էր ստանալ մինչեւ 10,3 մլն դոլար:
Նախկինում Լի Մյոն Բաքը բազմիցս հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ երկրի ներկայիս իշխանությունները պահպանողական ուժերի դեմ արշավ են անցկացնում կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով: Լի Մյոն Բաքը Հարավային Կորեայի 5-րդ նախկին նախագահն է, որը դարձել է քրեական գործի ֆիգուրանտ:





























