Մեքսիկայի Վերակրուս նահանգում գաղտնի գերեզմանատեղիում հայտնաբերել են 166 մարդկային գանգ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դատախազ Խորխե Ուինքլերի խոսքով՝ օգոստոսի սկզբին հնարավոր թաղման վայրի մասին տեղեկությունը ստացվել է մի մարդուց, որից հետո իշխանությունները ստուգումներ են սկսել: «30 օր տեւած աշխատանքից հետո գտնվել են նվազագույնը 166 մարդու մասունքներ, եթե ելնենք գանգերի թվից, որոնք հայտնաբերվել են որոնման գոտու 32 կետում»,- հայտարարել է Ուինքլերը մամուլի ասուլիսում:

Գտնվել են նաեւ հագուստի 200 իրեր, 114 անձնագրեր եւ բազմաթիվ անձնական իրեր: Փորձագետների կարծիքով՝  թաղումը կատարվել է առնվազն 2 տարի առաջ:

Համանման սարսափելի գտածոները Մեքսիկայում եզակի չեն, նախկինում իշխանությունները թաղման գաղտնի վայրեր են հայտնաբերել Խալիսկո, Գերերո, Վերակրուս, Մորելոս նահանգներում: Սովորաբար հանցագործներն այսպես են թաքցնում թմրամաֆիայի պատերազմներում սպանված մարդկանց: