Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործից անջատված մասով առաջին դատական նիստը հետաձգվել է:

Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներից Արամ Գրիգորյանը հայտնել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որ ցանկանում է երկրորդ պաշտպան ներգրավվել եւ դրա համար ժամանակ է խնդրել: Դատարանը հետաձգել է նիստն ու նշանակել սեպտեմբերի 19-ին:

Ըստ մեղադրանքի՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներ Արամ Գրիգորյանն ու Տիգրան Սարգսյանը, պարտավոր լինելով ՄԵրի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ հանգամանքների առկայությունից, ինչպես նաեւ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական եւ որակական եւ որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետեւ վերջինիս նորածնի մահը:

Բժիշկներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել:

Նշենք, որ Մերի Մարգարյանի հղիությունը վարած, «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի ու 2015թ.-ի հուլիսի 25-ի հերթապահ Անի Բաբելյանի մասով դատաքննությունը Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ավելի քան 2 տարի: Դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ, կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է նշանակվել: