Այս պահի դրությամբ արդեն հաշվառված է 40 լքված պոչամբար, որոնք ռեկուլտիվացիայի կարիք ունեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, այս տարի առաջին անգամ իրականացվել է դեռեւս խորհրդային ժամանակներից մնացած լքված պոչամբարների գույքագրում. աշխատանքները կավարտվեն տարեվերջին:
Նա ընդգծեց, որ ԵՄ-ի հետ արդեն պայմանավորվածություն ունեն, որ 5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ կտարամդրվի ռեկուլտիվացիայի համար. «Լինելու է հստակ աշխատանք, որի արդյունքում լքված հողերը կվերադառնան արտադրություն»:
Բնապահպանության նախարարը նաեւ նշեց, որ թույլտվությունների ու լիցենզիաների տրման գործընթացն ամբողջությամբ անցնելու է առցանց համակարգի, նաեւ շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգը եւ ցուցանիշները պետք է հասանելի լինեն բոլորի համար՝ սեփական բջջային հեռախոսից:





























