Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցող «Հայք» կուսակցության ցուցակը գլխավորող Գեւորգ Հովսեփյանը այսօր՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը զարմանք հայտնեց, որ հայ ժողովուրդը մեր օրերում մոռացել է իր ազգային ամբողջ արժեհամակարգը։

«Առ այսօր մենք մի կողմ ենք դրել մեր ազգային ամբողջ արժեհամակարգը եւ ապրում ենք օտար ուժերի կողմից թելադրված, նախագծված ծրագրերով։ Երկար ժամանակ մեզ չէր հաջողվում արտահայտել մեր կարծիքը, քանի որ ժամանակ առ ժամանակ բլոկներ էին դրվում մեր առաջ, իսկ թավշյա հեղափոխությունը հնարավորություն ընձեռեց մեզ մեր ձայնը հասցնել հայությանը, մասնավորապես Երեւանի քաղաքացիներին»,–նշեց նա:

«Հայք» կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը ներառեց կուսակցության ցուցակի կազմը. ««Հայք» կուսակցության ցուցակում ներառված են «Հայք» կուսակցության անդամներ, «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության անդամներ, անկուսակցականներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ անդամներ»։

Նա ներկայացրեց այն կարեւոր ուղղությունները, որ ընտրել է կուսակցությունը ավագանու ընտրություններին. «Հայք»–ի առանձնահատուկ մոտեցումն այն է, որ առաջ է քաշում 3 կարեւորագույն կարգախոսներ՝ Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է, Երեւանը պետք է դառնա հայ ազգի հեղափոխության, առաջին հերթին հոգեւոր հեղափոխության մայրաքաղաքը եւ հայ երիտասարդներին ամեն կերպ կապենք մեր պապերից եկող, նրանցից ժառանգած ավանդույթներին։ Այս ավանդույթները մեզ հուշում են, որ հայ իրականության մեջ տեղ չունեն ԼԳԲՏ հասկացությունը, որ հայ ժողովուրդը չի կարող առաջնորդվել թեթեւ հաճույք ստանալու միջոցներով, ինչպիսին մարիխունան է»–հավելեց նա։