Նախ՝ այդ հետազոտությունը չեմ ընդունում, հետո՝ նույնիսկ եթե կա կամ չկա, էական դեր չի խաղում. բնապահպան Սիլվա Ադամյանը այսպես արձագանքեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հայտարարությանը, թե Ամուլսարի տարածքը Կարմիր գրքում գրանցված՝ «Ապոլո» թիթեռի բնակավայրը չէ։
NEWS.am-ի հետ զրույցում բնապահպանը տարակուսեց. «Մարդիկ տարիներով նստում են այդ տարածքում, որ տեսնեն՝ տվյալ կենդանին կամ միջատը գնում է, գալիս է, կենդանիների բնադրավայրերը, միգրացիան, տեղից տեղ տեղափոխվելը լուրջ բան է, այսքան արագ ինչպես են կարողացել պարզել, դա ինձ շատ է հետաքրքրում»։
Սիլվա Ադամայնն ասաց, որ այդ փորձաքննությունը կարող է հավատալ միայն այն մարդը, որ տվյալ գործում փորձ չունի, իսկ ինքը փորձ ունի. «Զդես չտո տը նե տո՝ ինչ որ բան այն չէ»։
Բնապահպանը պարզաբանեց, որ բացի այն, որ հետազոտությունը չի ընդունում, դրա արդյունքն էական էլ չէ, քանի որ այդ տարածքում կարմիրգրքային բազմաթիվ այլ կենդանիներ ու թռչուններ կան։
Օրինակ, այնտեղ կա կա մի թռչուն, որն աշխարհում է գրանցված կարմիր գրքում. դա «Գիշանգղն» է. «Ասում են 5 մետր այն կողմ է բնադրում։ Բայց չէ՞ որ հանքի ազդեցությունը միայն այդ կետում չի, տա տարածվում է։ Միայն այդ տեսակի գոյությունը բավարար է, որ խաչ քաշեն հանքը շահագործելու մտադրության վրա»,–ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։
Իսկ «Ապոլո» թիթեռն ու «Ոզնաթուփ մեխակը» գիտնականները տեսել են հենց Գրիգորյանի կազմած խմբի աշխատանքի ընթացքում՝ պարզաբանեց բնապահպանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի առաջարկի հիման վրա լրացուցիչ ուսումնասիրություններ է կատարել Ամուլսարի հանքավայրի տարածքում:
Նախարարը հայտնել է, որ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Ամուլսարի տարածքում տեսչական մարմնի կողմից հայտնաբերված «Ապոլո» թիթեռի համար այդ տարածքը բնակավայր չի կարող լինել, իսկ հայտնաբերված բույսը եղել է ոչ թե «Ոզնաթուփ մեխակ», այլ այդ ընտանիքին պատկանող մեկ այլ բույս, որը կարմիր գրքում գրանցված չէ:
Աշխատանքային խմբում ներգրավվել են գիտնականներ գիտությունների ազգային ակադեմիայից, բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, տեսչական մարմնի՝ Վայոց Ձորի տեղամասի ղեկավարը, ով հանդիսացել է այդ ստուգումների ղեկավարը, վայրի բնության հիմնադրամի աշխատակիցները, այն անձինք, ովքեր գտել էին այդ տեսակները:
Նաեւ ներգրավվել են Մոսկվայի պետական համալսարանի ներկայացուցիչ Դանչենկոյին, ով Հայաստանի բույսերի կարմիր գրքի թիթեռների բաժնի ղեկավարն է: Խումբը եղել է այդ վայրում սեպտեմբերի 4-ին, ուսումնասիրությունները կատարել են, բերել են արձանագրություններ, որ այս հատվածում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է այդ թիթեռը, իսկ տվյալ վայրը չի կարող հանդիսանալ թիթեռի բնակավայր:
Բացի այդ, տրվել է եզրակացություն, որ այդ տարածքում խոնավությունը նույնպես բավարար չէ, որպեսզի թիթեռն ապրի այնտեղ։ «Ոզնաթուփ մեխակի» մասով ֆիքսվել է, որ բույսը ոզնաթուփ մեխակը չէ, սակայն այդ ընտանիքի պատկանող այլ բույս, իսկ դա կարմիրգրքային բույս չէ »,- մանրամասնել է նախարարը:





























