ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ: ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գործընկերները խոսել են Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման մասին:
Նիդերլանդների օմբուդսմանը հավաստիացրել է, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է եւ ջանքեր է գործադրում՝ արտաքսումը հետաձգելու համար, որպեզի կարողանա մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը եւ նրանց իրավունքների ապահովման հարցերը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ նշելով, որ արտաքսման դեպքում պատրաստակամ է իր իրավասության շրջանակում քայլեր ձեռնարկել՝ երեխաների իրավունքները երաշխավորելու համար։





























