Վերջին տարիներին ԱՄՆ-ն ԵՄ-ի հետ Ռուսաստանի դեմ կիրառում է մի շարք պատժամիջոցներ, որոնք կապված են միջազգային կազմակերպված հանցավորության, մարդու իրավունքների խախտման, Ղրիմի բռնակցման, 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտության, Սիրիայի ռեժիմին աջակցության, Հյուսիսային Կորեայի պատժամիջոցների խախտման և քիմիական զենքի օգտագործման մեղադրանքի հետ: ԱՄՆ պատժամիջոցների ծավալը, սակայն, հաճախ խանգարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ հարաբերություններ պահպանելու՝ Թրամփի տրամադրվածության պատճառով: Այս մասին ասվում է The Guardian-ի դիվանագիտական խմբագիր Պատրիկ Ուինթորի հոդվածում:

Նրա խոսքով՝ Միացյալ Թագավորության կառավարությունը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կարող են կիրառվել, երբ Բրիտանիան մարտին լքի ԵՄ-ն, որով ԱՄՆ-ին միանալու և շուկայում Ռուսաստանին կառավարական վարկեր չտրամադրելու հեռանկար կստեղծվի: Միացյալ Թագավորության կողմից հավանական այլ քայլերի շարքում են՝

- Մագնիտսկու օրենքով պատժամիջոցների ենթարկվող յուրաքանչյուր անձի անվան հրապարակում, ինչն ուղղված է մարդու իրավունքների խախտման համար պատասխանատվության ենթարկելուն,

- Առաջիկա ամիսներին հաշվետվություն նախապատրաստում Միացյալ Թագավորության տարածքում սեփականություն ունեցող արտասահմանյան կազմակերպությունների մասին,

- Առանց աղբյուրի մասին փաստական ապացույցի ակտիվների ու ներդրումների դուրս մղում, որոնք կարող են անօրինական ճանապարհով ձեռք բերված լինել:

Internationallawoffice.com-ը հայտնում է, որ ԱՄՆ Սենատի դեպարտամենտը բացատրել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներում վերջերս կատարված փոփոխությունները՝ հաստատելով, որ բազմաթիվ արտահանվող ապրանքներ, այդ թվում՝ ազգային անվտանգության ծառայության կողմից վերահսկելի ապրանքատեսակներ, կարող են արտահանվել դեպի Ռուսաստան: Նշվում է, որ բոլոր փոփոխություններից հետո պատժամիջոցները կազդեն միայն Ռուսաստանի՝ պետությանը պատկանող և պետության կողմից ֆինանսավորվող բիզնեսներին ԱՄՆ ազգային անվտանգության ապրանքատեսակների արտահանման վրա, ինչը չի ազդի ինքնաթիռով ուղևորափոխադրումների և տիեզերագնացության վրա, եթե նույնիսկ դրանք պատկանում են կառավարությանը: Մի խոսքով, առաջիկա երեք ամիսների ընթացքում նոր պատժամիջոցներ չկիրառելու դեպքում, պատժամիջոցները գրեթե չեն ազդի ԱՄՆ-Ռուսաստան առևտրային հարաբերությունների վրա: Սակայն այս միջոցները կկիրառվեն տարբեր կառավարական գործակալությունների կողմից, ինչը հավելյալ կուղղորդի դրանց կիրառումը:

Thetrumpet.com-ը հայտնում է, որ Հնդկաստանը որոշում է կայացրել Ռուսաստանից մեծ ծավալներով զենք գնելու մասին՝ չնայած նման գործարքների դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, որից անմիջապես հետո որոշել է շարունակել Իրանից նավթ գնել: Սա հետևել է Չինաստանի որոշմանը՝ իրանական նավթահումքի հոսքը դեպի երկիր շարունակելու մասին: Իսկ այս քայլերը իմաստազրկում են ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ վերջերս սահմանած պատժամիջոցները: Չնայած Հնդկաստանը, հեղինակի խոսքով, հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն Նյու Դելիի համար բացառություն կանի, սակայն նման համաձայնագրերի կնքումը ցույց է տալիս, որ երկիրը պատրաստ է ռիսկի ենթարկել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները՝ հանուն Ռուսաստանի և Իրանի հետ ամուր կապերի: Նշվում է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերությունները բավական վստահելի են. Ռուսաստանը Հնդկաստանի զենքի ամենամեծ մատակարարն է և, ինչն առավել կարևոր է Հնդկաստանի համար, Ռուսաստանը հնդկական արտադրողների հետ համատեղ արտադրություն է կազմակերպում, ինչը Հնդկաստանին թույլ է տալիս նորացնել սեփական զենքի արտադրությունը:

USA Today-ի վերլուծաբաններից Էդուարդ Ֆիշմանի կարծիքով՝ Թրամփն ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները վերածում է դատարկ սպառնալիքի: Համաշխարհայնացված տնտեսության մեջ միջազգային աջակցությունը խիստ անհրաժեշտ է, որպեսզի պատժամիջոցները գործեն: Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ առանց ԵՄ-ի աջակցության, իսկ վերջինը Ռուսաստանի հետ է իրականացնում երկրի արտահանման և ներմուծման գրեթե կեսը: Նշվում է, որ ուժեղ պատժամիջոցներ մշակելուց բացի՝ պակաս կարևոր չէ նաև այլընտրանքների ապահովումը: