Ոստիկանության կողմից տեխնիկական վրիպում է եղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովի մոտակայքից «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին բերման ենթարկելու դեպքին։

Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ոստիկանության բաժանմունքում իրենց համախոհներին են այցելել փաստաբաններ Վահագն Ջիվանյանը եւ Գիվի Հովհաննիսյանը, ինչից հետո տղաներն ազատ են արձակվել։

Նրա խոսքով՝ կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը բաժնում գրել է, որ իր հետ կատարվածն ապօրինություն է, իսկ Հովսեփ Ղազարյանը հրաժարարվել է բողոք գրելուց։

«Մեր տղաները հակաօրինական որեւէ բան չեն արել: Մենք ապրիլին ունեցել ենք բազմաթիվ նմանատիպ դեպքեր, «Մերժիր Սերժին» գրառումով  գրաֆիտ է արվել փողոցներին, պատերին եւ որեւէ մեկը դրա համար ոչ բերման է ենթարկվել, եւ ոչ էլ պատասխանատվություն կրել: Նախադեպային իրավունքով մենք օգտվել ենք դրանից»,–ասաց Մարտիրոսյանը։

«Պարզապես ոստիկանության կողմից տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել։ Հույս ունեմ, որ այլեւս նման դեպք չի կրկնվի»,–նշեց Մարտիրոսյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին:

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ տղաները փորձել են «Street art» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը իրականացնել փողոցի մայթերին, ինչից հետո նրանց ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։

Հովսեփ Ղազարյանն ու Վահագն Հովհաննիսյանը բերման ենթարկվելուց 3 ժամ անց ազատ են արձակվել։