Գործատուները իրենց անհաճո աշխատակիցներին աշխատանքից ազատելու հնարավորությունների լայն սպեկտր ունեն, ուստի քաղաքացիները որոշակի երաշխիքների կարիք ունեն: Այս մասին սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում  Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, պարզաբանեց, որ գործող Աշխատանքային օրենսգրքով գործատուն աշխատանքից չի կարող ազատել արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող աշխատակցին: Սակայն նա դա կարող է լիովին անել, երբ աշխատակիցն, օրինակ, արձակուրդից աշխատանքի է վերադառնում:

«Օրինակ՝ ղեկավարությունը ներկայացնում է աշխատավարձի նվազեցման վերջնագրային առաջարկ, եւ եթե աշխատակիցը չի համաձայնվում, ապա նրան ազատում են»,- պարզաբանեց խորհրդարանականը՝ դրա հետ իր անհամաձայնությունը եւ մտահոգությունը հայտնելով: Դրանից ելնելով՝ Պետրոսյանն առաջարկեց ապահովել այս սպառնալիքից եւ գործատուների կամայական վերաբերմունքից աշխատանք ունեցող քաղաքացիների անվտանգությունը:

Հանրապետական խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանն իր հերթին նշեց, որ այս օրինագծի հեղինակները («Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ) առաջարկում են, որ մարդուն աշխատանքից ազատել հնարավոր լինի միայն այն դեպքում, եթե նա իր վրա դրված պարտականությունները ինչպես պետք է չի կատարում: Սակայն այս կետը Աշխատանքային օրենսգրքում արդեն կա, այնտեղ նշված է, որ գործատուն մարդուն կարող է աշխատանքից ազատել միայն այն դեպքում, եթե վերջինից երկու անգամից ավելի գրավոր պարզաբանում է ստացվել թույլ տված անփույթ վերաբերմունքի մասին, սակայն իրավիճակը չի փոխվել: «Սա անհրաժեշտ է, որպեսզի հասկանան, թե ով է տվյալ վարքագծի իրական մեղավորը՝ ինքը գործատո՞ւն, կամ ասենք՝ բաժնի պե՞տը, կամ տեղակա՞լը»,- պարզաբանեց Հակոբյանը:

Նա նշեց, որ օրինագծի հեղինակներն առաջարկում են ուղղում մտցնել եւ երկու գրավոր պարզաբանումների փոխարեն, որը պետք է ներկայացնի «անպատասխանատու» աշխատակիցը, մտցնել «չի կարելի աշխատանքից ազատել անհարգելի պատճառով» կետը: Սակայն, նրա խոսքով, օրենքում նման հասկացություն չկա եւ չի կարող լինել, քանի որ այն չափազանց լղոզված է: Սա գործատուին լրացուցիչ անսահմանափակ հնարավորություններ կտա կամայական որոշումներ ընդունելու համար, որոնք կբխեն բացառապես իր անմիջական շահերից»,- վստահ է Հակոբ Հակոբյանը: