Առաջարկվում է նվազեցնել քաղաքացիների համար տուգանքների չափերը, որոնք նախորդ տուգանքները ժամանակին են վճարել: Այս մասին սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում «Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի հեղինակ, հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ եթե քաղաքացին վարչական ակտն ստանալուց հետո 8 օրում տուգանքը վճարի, ապա նրան տուգանքի նախնական գումարից 50 տոկոսով զեղչ կանեն: Ընդ որում՝ Պողոսյանը նշեց, որ սա չի վերաբերում առանց բացառության բոլոր վարչական ակտերին: «Գոյություն ունեն որոշ բացառություններ, օրինակ՝ հարբած վիճակում տրանսպորտային միջոց վարելը, կամ այնպիսի խախտումները, որոնք կարող են հանրության համար լուրջ հետեւանքներ ունենալ»,- պարզաբանեց խորհրդարանականը: Պատգամավորի կարծիքով՝ արդյունքում իրավախախտների մոտ տուգանքները ժամանակին վճարելու մոտիվացիա կառաջանա:
Նշենք, որ գործող օրենքով քաղաքացին, որն իրավախախտում է կատարել եւ վարչական պատասխանատվության ենթարկվել, կարող է տուգանքը վճարել 15 օրում: Իսկ նշված ժամկետի խախտման դեպքում քաղաքացին պետության կողմից տուգանքների չի ենթարկվում: Այս օրինագծով առաջարկվում է լրացուցիչ տուգանքներ սահմանել նախորդ տուգանքների վճարման ուշացման համար՝ միաժամանակ գրանցելով, որ ուշացում թույլ տալու դեպքում քաղաքացու նկատմամբ կիրառված լրացուցիչ տուգանքների մասին որոշումը չի կարող բողոքարկվել: Այսինքն՝ քաղաքացին չի կարողանա բողոքարկել իր դեմ լրացուցիչ տուգանքների կիրառման մասին որոշումը, եթե ուշացն իր վարչական տուգանքի վճարումը: Հեղինակի կարծիքով՝ սա կհամալրի պետական բյուջեն, որը պակաս կարեւոր չէ, քանի որ ներգրավված միջոցների հաշվին հնարավոր կլինի բեռնաթափել դատարանները եւ ԴԱՀԿ մարմինները:



























