Քաղաքականությունը լուրջ գործունեություն է, քաղաքականության մեջ պետք է հավասարակշռված լինես, պետք է չխաղաս, դա ոչ մեկին օգտակար չի եղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության՝ Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ քարոզարշավի մեկնարկի մամուլի ասուլիսում։ 

Հարցին՝ արդյոք ընտրությունները մրցակցային են, կա՞ լուրջ հայտ ներկայացնելու հնարավորություն, քանի որ մեկ ուժի կողմից լսում ենք «Մեր դեմ խաղ չկա» արտահայտությունը, Փոստանջյանը պատասխանեց՝ կողմնակիցն է բազմազան հանրության, դա է գործի հաջողությունը։

«Մի հասարակությունում, որտեղ չկա բազմազանություն, չես կարող լիարժեք ապրել»,–ընդգծեց նա։

Դիտարկումը, թե հեղափոխության ազդեցությունը պահպանվում է եւ կա կարծիք, որ մարդիկ նայում են ոչ թե ծրագրին, այլ տիրող էյֆորիային, Փոստանջյանը հակադարձեց. «Ես այլ կողմից կմոտենամ. ոչ թե էյֆորիայի, այլ ազատ, արդար թափանցիկ ընտրությունների։ Քանի որ այս պահին չունենք քաղաքական կառուցվածք եւ օրենսդրություն, դա կարող է լրացվել քաղաքական կամքով, եթե իշխանության եւ հասարակության մոտ չլինի իրավիճակը փոխելու քաղաքական կամք, ավտորիտազմից չենք կարող պոկվել»։

Երեւանի ավագանու՝ «Երկիր ծիրանի» խմբակցությունից ու կուսակցությունից դուրս եկած՝ 4 անդամների մասին հարցին, կուսակցության ղեկավարը պատասխանեց. «Ցանկացած կենդանի օրգանիզմի համար բնականոն գործընթաց է, մարդիկ գալիս են, գնում են, մենք բոլորին մաղթում ենք ամենայն բարիք»։

Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներ Մարինա Խաչատրյանը, Խաչատուր Շահբազյանը, Կոնստանտին Ղարիբյանը եւ Աստղիկ Պետրոսյանը հայտարարություն էին տարածել, որ դուրս են գալիս «Երկիր Ծիրանի» կուսակցությունից եւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանիի» նախընտրական ցուցակից, քանի որ կա  խոսքի եւ գործի անհամապատասխանություն։

Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 2-ին՝ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում, Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանն ասել էր, որ ավագանու ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»։