Երեւանի ավագանու ընտրություններում «Երեւանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը քաղաքային տրանսպորտի վիճակի բարելավման համար առաջարկում է բաց բաժնետիրական ընկերություն հիմնել:

Սեպտեմբերի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ Զուրաբյանը տեղեկացրեց, որ այդ ԲԲԸ բաժնետեր կարող է դառնալ յուրաքանչյուր երեւանցի: Նրա ծրագրերի մեջ է մտնում ժամանակակից էլեկտրատրանսպորտին անցնելու ճանապարհով ավտոբուսային պարկի ամբողջական թարմացումը: Ինչպես նշվեց, տրանսպորտի այս տեսակը 3 անգամ ավելի շատ ուղեւոր է փոխադրում, քան երթուղայինը, սակայն դրա հետ մեկտեղ բնապահպանական վնաս չի հասցնում:

Զուրաբյանը նաեւ հայտարարեց Երեւանում արեւային էներգետիկան զարգացնելու ծրագրերի մասին: Նա ուշադրություն դարձրեց, որ աշխարհում յուրաքանչյուր 2 տարին մեկ արեւային էներգետիկայի աճը 50 տոկոս է կազմում, եւ այս ուղղությունն անչափ հեռանկարային է համարվում: Ուշագրավ է, որ Զուրաբյանը էներգետիկ ոլորտում էլ է ծրագրում բաց բաժնետիրական ընկերություն հիմնել:

Խնդիրների թվում են, որոնց «Երեւանցիները» մտադիր է ուշադրություն դարձնել, քաղաքի կետային կառուցապատումը եւ կանաչ գոտիների կրճատումը: Մասնավորապես, հայտարարվեց Երեւանում տնկիների աճեցման տնտեսություն հիմնելու պատրաստակամության մասին, ինչպես նաեւ կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու մասին:

Զուրաբյանը ուշադրություն դարձրեց նաեւ քաղաքի բնակֆոնդի վիճակին՝ մասնավորապես նշելով, որ խորհրդային տարիներից մնացած «խրուշչովկաները» չեն կարող դիմանալ 7 բալից ավելի հզորությամբ երկրաշարժին: «Հզոր երկրաշարժի դեպքում դրանք պարզապես հողին կհավասարվեն, իսկ զոհերի թիվը կկազմի 300 հազար»,- ասաց քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով, որ այս խնդրի լուծման համար պետք է մշակվի համալիր ծրագիր:

Ինչ վերաբերում է հարցին, թե նախընտրական արշավի մասնակիցներից ում է Զուրաբյանն իրեն մրցակից համարում, ապա նա կարճ նշեց, որ «Երեւանցիները» պակաս հայրենասեր չէ, քան մնացյալ ուժերը, որոնք ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել:

«Մեր կողմնակիցներն առանց բացառության բոլորը երեւանցիներ են՝ անկախ քաղաքական տարաձայնություններից: Մենք բոլորս պայքարում ենք ժողովրդավարության համար, եւ ես անգամ չեմ կարող պատկերացնել այն, որ, օրինակ,  դաշնակցականների մաքրած փողոցում ՀՀԿ անդամները աղբ թափեն: Մենք բոլորս շահագրգռված ենք, որ ավելի լավ քաղաք ունենանք»,- շեշտեց Զուրաբյանը: