Այս օրինագծով քննություն իրականացնող մարմնին թույլ կտրվի ոչ միայն մեղադրանքը փոխել, այլեւ որպես մեղադրյալ այլ անձանց ներգրավել: Այս մասին սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում Քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ մեղավոր համարվող անձը կարող է քննություն իրականացնող մարմնից թաքնվել, այդ դեպքում նրան մեղադրանք առաջադրելու հնարավորություն չի լինի: «Սակայն դեպքեր են պատահում, երբ առաջանում է մեղադրանքն ավելի ծանր հոդվածից ավելի մեղմով փոխարինելու անհրաժեշտություն: Եվ դրա շնորհիվ հնարավորություն է առաջանում հետագայում փոխել կամ ընդհանրապես չեղարկել, ասենք, հետախուզման մասին որոշումը»,- պարզաբանեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ համապատասխան լրացումների բացակայությունը քննություն իրականացնող մարմինների աշխատանքի համար որոշակի դժվարություններ է ստեղծել:




























