ԱՄՆ ռազմական գործողությունները Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում ամերիկացի հարկատուներին արժեցել են ընդհանուր առմամբ ավելի քան 1,5 տրլն դոլար, հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պենտագոնի հաշվարկները:

«2001 թվականի սեպտեմբերի 11-ից սկսված ժամանակահատվածում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատերազմների ծախսերի մարման համար հատկացրել է 1,501 տրլն դոլար»,- նշված է զեկույցում, որում տեղեկությունները ներկայացված են ընթացիկ տարվա մարտի վերջի վիճակով:

Այդ հաշվարկների համաձայն՝ ամենաշատ միջոցներ են ծախսվել Իրաքում նախկին գործողությունների համար՝ մոտ 731 մլրդ դոլար կամ ընդհանուր գումարի 49 տոկոսը: Այնուհետեւ հաջորդում է Աֆղանստանում պատերազմը՝ 584,3 մլրդ դոլար (ընդհանուր գումարի 39 տոկոսը): Աֆղանստանում ներկայիս ձեւով գործողությունների համար ծախսվել է գրեթե 134,3 մլրդ դոլար: Ամենաքիչ միջոցները հատկացվել են Սիրիայում արշավանքին՝ մոտ 23,5 մլրդ դոլար:

2001 թվականի հոկտեմբերին Աֆղանստանում սկսված պատերազմը ԱՄՆ ԶՈՒ համար իր գոյության պատմության մեջ ամենաերկարատեւն է դարձել: Ներկայումս Աֆղանստանում տեղակայված է մոտ 14 հազար ամերիկացի զինծառայող: Մինչդեռ 2011 թվականին՝ արշավանքի բարձրակետին ԱՄՆ զորակազմի թվաքանակն այս երկրում կազմում էր 101 հազար մարդ:

ԱՄՆ հետախուզությունը եւ ԶՈՒ հրամանատարությունը վերջին 2 տարիներին բազմիցս ընդունել են, որ չնայած Վաշինգթոնի բոլոր ջանքերին, Աֆղանստանում իրավիճակը, ըստ էության, փակուղի է մտել: ԱՄՆ-ն վերջին 2 ամիսներին ակտիվացրել է Աֆղանստանում համազգային հաշտության ապահովման փորձերը՝ «Թալիբան» արմատական շարժման հետ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելու հաշվին:

ԱՄՆ-ն Իրաք ներխուժումը նախաձեռնել է 2003 թվականի մարտին՝ Սադամ Հուսեյնին տապալելու նպատակով: Ամերիկյան ԶՈՒ-ն Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորմանը սկսել է ռմբակոծել 2014 թվականի սեպտեմբերին: Աֆղանստանում եւ Իրաքում պատերազմի միջով անցել է ընդհանուր առմամբ 2 միլիոնից ավելի ամերիկացի զինվոր եւ սպա: Այս արշավանքներում, ինչպես նաեւ ԻՊ-ի դեմ պայքարում Պենտագոնի անշրջելի կորուստները կազմել են մոտ 6,8 հազար մարդ, եւս 52,3 հազար զինծառայողներ վիրավորվել են: