ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր՝ սեպտեմբերի 11-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ին նկատի ուներ, երբ խոսում էր ուժերի մասին, որոնք «քուչեքում բանակցում են Հանրապետականի հետ», հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը վարչապետի մամուլի խոսնակը չէ։
«Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ես հարգարժան վարչապետի մամուլի խոսնակը չեմ, իսկ ենթադրություններ անելն այս դեպքում խիստ անշնորհակալ գործ է»,-նշեց նա։
Պատգամավորը հավաստիացրեց, որ «Հանրապետական» կուսակցության հետ ԲԿՀ-ում որեւէ հարցի շուրջ քննարկումներ չկան եւ չեն կարող լինել, սա միանշանակ․ «Մեր ռեսուրսները, մեր վարկանիշը բավարար է, որպեսզի որեւէ կուսակցության, հատկապես ՀՀԿ-ի, որին մենք համարում ենք պատասխանատու մեր երկիրն այս աղետալի վիճակին հասցնելու համար, աջակցությունն ակնկալենք։ Մենք նման աջակցության ո՛չ անհրաժեշտությունն ունենք, ո՛չ էլ ցանկությունը»։
Պատգամավորը հրաժարվեց վարչապետի փոխարեն պնդել, թե ում նկատի ուներ նա, սակայն վստահեցրեց․ «ՀՀԿ-ական ոչ որեւէ զորացրված, ոչ չզորացրված գործչի, պատգամավորի կամ այլ կալիբրի ներկայացուցչի հետ մեզանից որեւէ մեկը որեւէ քննարկում չունի, չի ունեցել եւ, անկեղծ ասած, որեւէ մտադրություն էլ չունենք ունենալու»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց հեղափոխական հայտարարած որոշ ուժեր քուչեքում բանակցում են Հանրապետականի հետ․«Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, առաջամարտիկ, եւ այսօր գնացել են, խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ՝ թե բա տղերք, կլինի՞, դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ որ հաղթենք քաղաքապետարանի ընտրություններում, ընենց կանենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք»,- նշել է Փաշինյանը։



























