Հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համապատասխան մարմինները սահմանված ժամկետում զեկուցել են ՀՀ վարչապետին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
«Համապատասխան մարմինները վարչապետի կողմից սահմանված ժամկետում զեկուցել են կատարված աշխատանքի մասին», - ասաց նա՝ հավելելով, որ ավելին չի կարող ասել. «Մնացածը կասվի ըստ անհրաժեշտության եւ ըստ հաջորդականության»,-ընդգծեց Եղոյանը:
Նշենք, որ նախօրեին համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է:
Ավելի ուշ Դավիթաշենում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»:




























