«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նորից անազատության մեջ է, նա վերադարձել է «Վարդաշեն» ՔԿՀ: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը NEWS.am–ին հայտնեց, որ լրացել է Կյուրեղյանին՝ օրենքով նախատեսված կարգով տրամադրված մեկամսյա արձակուրդի ժամկետը և քանի որ նա այս ընթացքում չի ներկայացրել աշխատանքային պայմանագիր, կմնա ՔԿՀ–ում։

Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը կիսաբաց ռեժիմի ուղղիչ հիմնարկից բաց ուղղիչ հիմնարկ էր տեղափոխվել հունիսի 4–ին։

Ավելի վաղ NEWS.am–ի  հետ զրույցում Հայկ Կյուրեղյանը հույս էր հայտնել, որ իրեն կարդարացնեն եւ ստիպված չի լինի 1 ամսվա ընթացքում աշխատանք գտնել, որպեսզի կրկին կալանավայր չվերադառնա։

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Կյուրեղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն), և ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 6–ին էլ պատգամավորների անձնական երշխավորմամբ փոխվել էր Հայկ Կյուրեղյանի եղբոր՝ ՊՊԾ գնդի գրավմոն գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը: