«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ Հայկ Կյուրեղյանի վերադարձի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հարցը քննարկվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:

Ըստ Պաշտպանի աշխատակազմին ներկայացված պարզաբանման՝ օրենսդրորեն սահմանված կարգի համաձայն Հայկ Կյուրեղյանին երեք անգամ մեկ ամսով տրամադրվել է կարճաժամկետ մեկնում, վերջին մեկնման ժամկետը լրացել է սեպտեմբերի 10-ին: Հայկ Կյուրեղյանը հաջորդ օրը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրել է դիմում ևս մեկ ամսով կարճաժամկետ մեկնում տրամադրելու վերաբերյալ:

Պարզվել է, որ նրա կողմից ներկայացված դիմումի քննարկումը հետաձգվել է «Շանթ» 2018 ռազմավարական հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժությունների անցկացման հիմքով, սակայն այսօր նրա դիմումը կբավարարվի:

Օրվա ընթացքում սահմանված համապատասխան ընթացակարգն անցնելուց հետո Հայկ Կյուրեղյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կտրամադրվի կարճաժամկետ մեկնում, այսինքն՝ նա ազատ կարձակվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նորից անազատության մեջ է, նա վերադարձել է «Վարդաշեն» ՔԿՀ: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը NEWS.am–ին հայտնեց, որ լրացել է Կյուրեղյանին՝ օրենքով նախատեսված կարգով տրամադրված մեկամսյա արձակուրդի ժամկետը և քանի որ նա այս ընթացքում չի ներկայացրել աշխատանքային պայմանագիր, կմնա ՔԿՀ–ում։
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը կիսաբաց ռեժիմի ուղղիչ հիմնարկից բաց ուղղիչ հիմնարկ էր տեղափոխվել հունիսի 4–ին։