Ես ցավով եմ արձանագրում, որ քարոզարշավի հենց առաջին օրից հերթական անգամ գերիշխեցին էմոցիաները, եւ մարդկանց միտքն ու ուշադրությունը փորձ է արվում տանել այլ ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, նաեւ, գրել է.

«Սա, իրապես, ցավով եմ նշում, որովհետեւ սրանից տուժելու է Երեւանը եւ երեւանցին։ Մենք դարձյալ մեր քաղաքի իրական եւ բարդ խնդիրները երկրորդ պլան ենք մղում։

Գիտեք, բոլոր էմոցիաներն ունեն հանդարտվելու հատկանիշ, բայց իրական պրոբլեմներն ինքնալուծման հատկանիշ չունեն։ Դրանք իրենք իրենց չեն լուծվում. վաղը, մյուս օր կհանդարտվեն նաեւ այս էմոցիաներն ու դարձյալ Երեւանը եւ երեւանցին կմնան իրենց բազմաթիվ չլուծված խնդիրներին դեմ հանդիման։

Ես համաձայնել եմ դառնալ քաղաքապետի թեկնածու՝ իմ մեջ ունենալով վճռականություն եւ որոշում՝ հստակ ժամանակացույցով, մեր թիմի հետ միասին, լուծել Երեւանի հիմնական խնդիրները։

Ես համաձայնել եմ դառնալ քաղաքապետի թեկնածու՝ Երեւանում երեւանյան մթնոլորտ ձեւավորելու համար՝ խաղաղ, համերաշխ եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձեւավորելու համար։

Ուզում եմ անկեղծ ասել՝ քարոզարշավի հենց սկզբից ինձ համար հստակ ուրվագծվել է իմ ընտրազանգվածը. ինձ եւ ԲՀԿ-ին ձայն են տալու այն մարդիկ, ովքեր ուզում են, որ Երեւանի կոնկրետ խնդիրները ստանան կոնկրետ լուծումներ։

Ինձ եւ ԲՀԿ-ին ձայն են տալու նրանք, ովքեր Երեւանը չեն բաժանելու սեւերի եւ սպիտակների, եւ Երեւանը ընկալում են, որպես մեկ միասնական, համայն հայության մայրաքաղաք»։