ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված զրույցը շատ հարցեր է առաջացրել, եւ Ազգային ժողովի արտահերթ նիստում այդ հարցով Քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է դրանով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԺ պետա-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։
Նրա խոսքով, բազմաթիվ հարցեր առաջացան, որոնք հանրային հետաքրքրության տիրույթում են: «Քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմքում ոչ թե կոնկրետ հանգամանքն է, այլ գլոբալ: Այդ հանգամանքը բոլորիս մոտ կարող է հիմնավոր կասկածներ ստեղծել առ այն, որ եթե ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազանգերը ձայնագրվում են՝ դա նշանակում է, որ Սահմանադրությամբ եւ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուր անձի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքն առնվազն վտանգված է: Մենք խնդիրը գլոբալ ենք պատկերացնում: Մենք պետք է վստահ լինենք, որ ունենք իրավական ու գործնական բոլոր հնարավորությունները՝ երաշխավորելու հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը»,- ընդգծեց Կոստանյանը:
Կոստանյանի կարծիքով, կատարվածը վտանգի տակ է դնում ոչ միայն իրավական անվտանգությունը, այլ նաեւ առնվազն կասկածի տակ է դրվում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքային սպասարկման հանգամանքները. «Հանրության մեջ քննարկվում է արդարադատությանը հնարավոր միջամտություն դիտարկելու կամ չդիտարկելու տեսակետից: Խոսակցության բովանդակային կոնտեքստում մենք տեսնում ենք ներգրավվածություն, որը չպետք է տեղի ունենա արդարադատության իրավական գործընթացում: Արդյոք մեր երկրում ապահովվա՞ծ են արդար դատաքննության իրացման բոլոր երաշխիքները»։
Կոստանյանը նաեւ հայտարարեց, որ իրենք չեն անդրադառնալու հարուցված քրեական գործի հանգամանքներին. «Նպատակն այն չէ, թե ինչպիսին է եղել ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության բովանդակությունը, որովհետեւ սա այլ քննարկման առարկա է։ Մենք խնդիրը դնում ենք գլոբալ, որովհետեւ յուրաքանչյուր նման քննարկում ու դրա արդյունքում կատարված ուսումնասիրություն, վստահ եմ, կբարձրացնի մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որտեղ նրանք անդրադառնոմ են «Մարտի 1»-ի գործին, այդ գործող որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի կալանավորման խնդիրներին։
ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ




























