Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների զրույցի բովանդակությունը այն մտքին է հանգեցնում, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել միջամտություն արդարադատության գործերին, ինչը սկզբունքորեն չպետք է լինի: Սեպտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստում այսպիսի կարծիք հայտնեց Հանրապետական խմբակցության պատգամավոր, Պետաիրավական եւ մարդու իրավունքների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենք չեն անդրադառնա երկու ուժային կառույցների ղեկավարների ապօրինի գաղտնալսման հետ կապված հարուցված քրեական գործերին: «Մեր խնդիրն է ոչ թե ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի բովանդակության բնութագրումը, քանի որ դա արդեն այլ քննության թեմա է: Մենք այս խնդիրը գլոբալ ենք համարում, քանի որ նման յուրաքանչյուր բանավեճ եւ քննության անցկակցում, վստահ եմ, մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը կբարձրացնեն»,- նշեց Կոստանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները: Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ