Խորհրդարանական ժամանակավոր քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ կխախտվի Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, քանի որ նրա քննության թեմա չեն կարող լինել այն հարցերը, որոնք նախաքննության կամ դատավարության ինչ-որ փուլում են: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Ընդ որում՝ նա կասկածի տակ դրեց ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասնագիտական որակները իրավագիտության եւ իրավաբանության ոլորտում: «Հետո անունը ուզում եք դրեք տանձ, ուզում եք դրեք խնձոր, նույն բանն է քննարկվելու, որի հետ կապված երկու քրեական գործ է հարուցված, իսկ կանոնակարգ օրենքն արգելում է, ժողովուրդ, օրենք գոյություն ունի, ըտենց լավ իրավաբաններ էիք, պիտի իմանայիք, որ օրենք եք ուզում խախտել, անհնար է»,- ասաց պատգամավորը՝ դիմելով Կոստանյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները: Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ