Հետաքննության հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծում նշվում է հենց ուժային կառույցների գաղտնալսման փաստը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դիմելով  հիմնական զեկուցող, Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:

Այսպիսով, ինչպես նշեց Մարուքյանը պատգամավորները մասնակցել են կոնկրետ գործով ստորագրությունների հավաքին:

 «Եվ հենց կոնկրետ դեպքով ստեղծվում է հետաքննության հանձնաժողով, ինչը արգելված է ԱԺ Կանոնակարգով», - պնդեց պատգամավորը:

Ավելի վաղ Մարուքյանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ ԱԺ Կանոնակարգի 23-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել, քանի որ դրա քննարկման առարկա չեն կարող լինել նախնական հետաքննության կամ դատական վարույթի որեւէ փուլում գտնվող հարցերը:

Հիշեցնենք՝  NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել էր ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները: Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան: