Քանի որ Դանիել Իոաննիսյանը բազմիցս իմ կողմից քննադատության է արժանացել, չեմ բացառում, որ ուղղորդված հակաքարոզչություն է անում։ Այսպես մեկնաբանեց «Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Երեւանի հանրություն» դաշինքի նախընտրական շտաբի պետ Անդրիաս Ղուկասյանը։

Իոաննիսյանը գրել էր, որ «ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը խախտողների ակումբին միացան նաեւ«Երեւանի հանրություն» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը»  եւ հրապարակել լուսանկարներ, որտեղ երեւում է, որ նախընտրական պաստառները փակցվել են ոչ օրենքով սահմանված վայրերում: 

NEWS.am-ի հետ զրույցում «Երեւանի հանրություն» դաշինքի շտաբի պետը պարզաբանեց. «Անհիմն հայտարարություն է։ Դանիել Իոաննիսյանը հարցը մինչեւ վերջ չի ուսունասիրել, թող մինչեւ վերջ ուսումնասիրի, նոր հայտարարություն անի։

Ինչ վերաբերում է հայտարարությանը կցած լուսանկարին, որտեղ «Երեւանի հանրություն» դաշինքի պաստառը փակցված է Մետրոյի սյունին, Ղուկասյանն ասաց. «Մետրոյի հետ ունենք պայմանագիր, տրամադրել ենք նյութերը, մետրոն իր տարածքում փակցրել է, որտեղ հարմար է գտել։ Ավելին, մետրոյում մեր պաստառները չեն անցնում 5 խմ–ը»։

ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանին գրառումը անակնկալի է բերել. «Չգիտեմ ինչ նկատի ունի իմ հարգարժան գործընկեր Դանիել Իոննիսյանը, մենք փակցրել ենք բացառապես այն տեղերում, որ մեզ օրենքի ընձեռած հնարավորությունների սահմանում հատկացրել է ԿՀԸ–ն։ Խնդրում եմ հարգարժան Դանիել Իոաննիսյանին բոլոր հարցերը վերահասցեագրել ԿԸՀ–ին»։

Զոհրաբյանը նշեց ավելին՝ ի տարբերություն մնացած քաղաքական ուժերի, որոնց՝ վիճակահանությամբ, փողոցամերձ բիգբորդերից 100–150 հատ հասել է, իրենք ընդամենը 23 տեղ են հնարավորություն ունեցել վերցնելու՝ ամբողջ Երեւանում։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ Իոաննիսյանի հայտարարությունը տրամաբանական չէ։

 «Ես որպես շտաբի պետ ասել եմ, որ փակցնեն միայն սահմանված վայրերում:  Տրամաբանություն էլ չկա , ինչու պետք է չսահմանված տեղում փակցնենք, եթե ունենք պայմանագիր սահմանված տեղում փակցնելու»,–ասաց Արմեն Մարտիրոսյանը։ 

Դանիել Իոաննիսյանը ավելի վաղ գրել էր, որ «Իմ քայլը» եւ «Լույս» դաշինքները կարծես մրցում են պաստառներ փակցնելու ապօրինության հարցում: Քիչ է, մեկը պաստառը փակցնում է օրենքով չսահմանված տեղում, հետո էլ մյուսը գալիս է, իր պաստառն է վրայից փակցնում:

NEWS.am–ին «Լույս» դաշինքի նախընտրական շտաբի պետ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ասաց, որ տեսել է նման երեւույթ. «Թե մեր շտաբից, թե «Իմ քայլի» շտաբից փակցրել են պաստառներ։ Մեր շտաբի անդամներին բոլորին զգուշացրել եմ, որ նման երեւույթ չկրկնվի, Քաղաքացիական պայմանագրի մեր գործընկերները եւս նման ցուցում են տվել եւ կարծում եմ, խնդիրը կկարգավորվի։ Դա բացթողում էր, որը շատ արագ կկարգավորենք»։

«Իմ քայլը» դաշինքը ֆեյսբուքյան էջում գրառմամբ է համակիրներին կոչ արել պաստառները չփակցնել օրենքով չսահմանված վայրերում. «Միեւնույն ժամանակ, պարտավորվում ենք ընտրություններից հետո կամավորականների ներգրավմամբ մաքրել քաղաքը ոչ միայն մեր, այլ նաեւ մյուս քաղաքական ուժերի քարոզչանյութերից»,-նշված է գրառման մեջ:

Ավելի ուշ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ժառանգությունը» եւ «Երեւանի հանրություն» դաշինքը, պարզվեց, մետրոպոլիտենի հետ պայմանագիր ունեն, արդ՝ իրենց մասով օրենքի խախտում չկա»: