Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ ընտրվեց ոչ սովորական պայմաններում: Պատգամավորները, որոնք նրան վարչապետ ընտրեցին, ինչ-որ չափով ստիպված էին դա անել, քանի որ նրանց վրա քաղաքացիների կողմից ճնշում էր գործադրվում: Այս մասին սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին կոշտ հայտարարությունները չե՞ն վկայում, որ երկրում «վհուկների որս» է սկսվել:
Նազարյանի խոսքով՝ ստացվում է, որ պատգամավորները Փաշինյանի թեկնածության օգտին ստիպված են քվեարկել, ոչ իրենց կամքով: «Այս պատճառով կառավարության շրջանակում համագործակցությունը եւս ինչ-որ չափով հարկադրված է եւ մեծ մասամբ չի արտացոլում մեր ընտրությունը»,- ընդունեց Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը:
Նա հրաժարվեց մեկնաբանել վարչապետի որեւէ առանձին ելույթ, որ կատարվել էին վերջին օրերին նախընտրական հանրահավաքների ժամանակ: Սակայն պատգամավորի կարծիքով՝ այդ հայտարարություններն, ըստ էության, պատասխան էին, իսկ «դրանց վերլուծության համար անհրաժեշտ է ենթատեքստը հասկանալ»: «Մենք տեղեկություն ունենք այն մասին, որ նախընտրական կաշառք է բաժանվում: Ուստի իրավապահ մարմինները պետք է այս հարցով զբաղվեն եւ ամեն ինչ պարզեն: Եվ, այո, մենք արդեն դիմել ենք իրավապահ մարմիններին, տեղեկություն ենք տրամադրել, քանի որ մեզ այս մասին քաղաքացիներն են ակտիվորեն հայտնում»,- հավաստիացրեց Լենա Նազարյանը:
Անդրադառնալով վարչապետի խիստ հայտարարություններին, խմբակցության ղեկավարը պարզաբանեց, որ դրանք վերաբերում են միայն այն քաղաքական գործիչներին, «որոնք գործում են հեղափոխության եւ նրա արժեքների դեմ», այսինքն՝ «օրենքի դեմ»: Թե որն է հեղափոխության եւ օրենքի կապը, պատգամավորը չպարզաբանեց: «Մենք խոստացել ենք ազատ եւ ազնիվ ընտրություններ, եւ եթե գտնվեն կաշառք բաժանող մարդիկ, քաղաքական գործիչներ կամ կազմակերպիչներ, ապա նրանք փաստացի սպառնալիք կներկայացնեն ընտրությունների օրինականությանը եւ պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան, այդ թվում՝ այո, նրանց պետք է Հայաստանից վռնդել»,- ասաց Լենա նազարյանը, որից հետո հայտնվելով անհարմար վիճակում՝ իրեն արագ ուղղեց եւ հստակեցրեց, որ ինքն իբր վռնդել ասելով նկատի ունի օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելը:




























