Քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու հարցերով պետք է դիմել իրավապահ մարմիններին։ Այս մասին սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ մեկնաբանելով «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությունն այն մասին, որ առավոտյան ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգ են ստացել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նրա խոսքով, այդպիսի հակաօրինական գործունեությամբ չի զբաղվում. «Մեկ անգամ եւս ուզում եմ հայտարարել, որ այդ գործողությունը դատապարտելի է եւ օրենքով սահմանված պատժի միջոցներ եւ ձեւեր կան։ Եթե նման տեղեկություն ունեն, նույն ձեւ օրենքով սահմանված կարգով թող դիմեն իրավապահ մարմիններին եւ գործ հարուցեն, որեւիցե խնդիր չենք տեսնում՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչ դա կլինի։ Վստահաբար ասում եմ, որ ԲՀԿ անդամներից որեւիցե մեկը նման քայլի եւ գործողության չի գնալու», -եզրափակեց նա։

Իր հերթին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը շեշտեց, որ եթե այսպիսի դեպքեր չարձանագրվեն, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, որոնք այդպիսի հաղորդագրություն են տարածում։