Զարուհի Փոստանջյան քաղաքական գործիչը ունի անբասիր քաղաքական հետագիծ, որին նայելիս, որքան էլ խոշորացույցի տակ պրպտում ես, որեւէ արատավորում չես կարող գտնել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17–ին, ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու ցուցակում 12–րդ տեղը զբաղեցնող թեկնածու Սոնա Աղեկյանը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զեյթուն թաղամասում քարոզարշավի ժամանակ, որից հետո այն շարունակել են Ավան վարչական շրջանում։ 

«Զարուհի Փոստանջյան քաղաքական գործիչը երբեք Սերժի, Ռոբի, Լեւոնի հետ ձեռք չի սեղմել, նրանց հանցավոր, ապօրինի իշխանության հետ կոալիցիա չի կազմել, նրանց հետ հանցավոր պայմանավորվածությունների մաս երբեւէ չի եղել։ Զարուհի Փոստանջյանը մաքուր ձեռքերով, ազատ, անկախ, արդար, ազնիվ՝ մտքով ու խղճով, գալիս է ծառայելու երեւանցիներին»,–ասաց նա։

Թեկնածուն ընդգծեց, որ շատ կարեւոր է քաղաքապետի թեկնածուների կենսափորձը եւ անցած ուղին, որովհետեւ խոսքը գործի վերածելու ժամանակ պետք են լինելու հմտություններ, քաղաքական կամք, քաղաքական կենսափորձ. «Որը արատավորված չէ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների հետ ձեռքսեղմումներով կամ բանդաների, կոալիցիաների եւ ապօրինի որոշումների մասը կազմելով»։

Նշենք, որ «Երկիր ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակի առաջին եռյակում են Զարուհի Փոստանջյանը, Հենրիկ Քարիմյանը, Արա Փահլեւանյանը։

Երեւանի ավագանու ընտրությունները սեպտեմբերի 23–ին են։ Քարոզարշավն սկսվել է սեպտեմբերի 10–ին եւ շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 21–ը։ Ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժ եւ դաշինք։