Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի պաշտպանը միջնորդություն կներկայացնի Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 17–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։
Նշենք, որ ամիսներ առաջ Արթուր Վարդանյանը դատարանում հայտարարել էր, որ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություն կներկայացնի, երբ փոխվեն գործով մյուս ամբաստանյալների խափանման միջոցները։
Նշենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում փոխվել է այս գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալներից 10–ի՝ այդ թվում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը:
Այսպիսով զինված խմբի գործով 20 ամբաստանյալներից ներկայումս կալանքի տակ են միայն խմբի ենթադրյալ պարագլուխ Արթուր Վարդանյանը և խմբի անդամ Գեւրգ Ջնդոյանը։
Լեւոն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հաույս հայտնեց, որ շուտով իր պաշտպանյալը ևս ազատ կարձակվի կալանքից։
«Այս գործով գրեթե բոլորին նույն մեղադրանքն է առաջադրված, հետևաբար գործի վերաբերյալ դատարանի վերաբերմունքը պետք է նույնը լինի»,–նկատեց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 17–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշմամբ՝ փոխվել է գործով ամբաստանյալներից եւս վեցի խափանման միջոց կալանավորումը։ Նրանցից չորսի համար դեռևս նախորդ դատական նիստում անձնական երաշխավորություններ էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը եւ Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:




























