Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր համակիրներին կոչ է անում հակաքարոզչություն չիրականացնել մրցակից ուժերի նկատմամբ։

«Մենք ասացինք, որ սայթաքածներին չենք խփելու, սա մեր բովանդակությունն է, սա մեր ձեռագիրն է, գործելու բանաձեւը։ Հորդորում եմ իմ համակիրներին, երեւացող եւ աներեւույթ իմ թիմի անդամներին՝ մեր մրցակիցների նկատմամբ չիրականացնել հակաքարոզչություն, դադարեցնել վարկաբեկիչ նյութերի տարածումը։ Մենք մրցում ենք գաղափարներով, հնարամտությամբ, մեր բարությամբ, եւ մեզ անհրաժեշտ է իշխանության գալ հենց այսպես, այլապես մենք չենք կարող մակարդակ փոխել»,- այսօր՝ սեպտեմբերի 18-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց քաղաքապետի թեկնածուն։

Հիշեցնենք, որ «Լույս» դաշինքը միավորում է «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները: Դաշինքն արտահերթ ընտրություններում առաջադրել է ավագանու 111 թեկնածու:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: