Ովքեր են եղել Սեւանա լճի պահպանման փորձագիտական  հանձնաժողովի հանձնաժողովի այն անդամները, որոնք դրական եզրակացություն են տվել Ամուլսարի ծրագրին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրարանական լումների ժամանակ Սեւանա լճի պահպանման փորձագիտական  հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին հարց ուղղեց քննարկմանը ներկա բնապահպաններից մեկը:

«Ուզում ենք իմանալ՝ ովքեր են այդ հանցագործներն ու պատասխանատուները՝ Ձեր գլխավորությամբ»,-ասաց նա:

Յուրի Ջավադյանը նշեց, որ քննարկվող հարցն Ամուլսարի հարցի հետ կապ չունի, ինչին բնապահպանն արձագանքեց. «Ո՞նց կապ չունի Ամուլսարի հետ: Սեւանի հիմնախնդիրներից է նաեւ Ամուլսարի ծրագիրը, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ լճի վրա, եւ Սեւանի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Ուզում եմ իմանալ հանձնաժողովի անդամների անունները, որոնք տվել են այդ դրական եզրակացությունը»:

Ջավադյանը նախ նշեց, որ առանձին կպատասխանի այդ հարցին, ապա տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահը թույլտվություն տալու ժամանակ եղել է արժանահիշատակ Վլադիմիր Մովսիսյանը: Երբ տեղից բացականչեցին, որ Վլադիմիր Մովսիսյանը բացասական եզրակացություն էր տվել, Ջավադյանը պարզաբանեց. «Ինքը 2012 թվին տվել է բացասական, իսկ արդեն 2014-ին տվել է դրական եզրակացություն: Ես 2015 թվականից եմ շարունակել գործունեությունը»: Ջավադյանը խոստացավ տրամադրել իր ասածն ամացուցող փաստաթղթերը:

Նա ընդգծեց, որ իրենք միայն փոխել են վերամշակման տեղանքը. «Տեղը փոխել ենք, իջեցրել ենք հսկայական քանակությամբ հեռու, որը Որոտան-Արփայի հատակից ցածր է 9 մետր, եւ հեռու է 5 կիլոմետր, այնպես որ, ջրահավաք ավազանից դուրս է»,-ասաց նա:

Բնապահպանները տեղից բղավեցին. «Դուք իրավիճակին չեք տիրապետում»: