Հոկտեմբերի 1-ի առավոտից վարորդներ եւ նրանց իրավունքների պաշտպաններ բողոքի ակցիա կիրականացնեն Նորագավիթի մաքսատանը։ Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 28–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը։
Բողոքի ակցիայի առիթն ըստ նրա՝ մաքսատանն ամեն օր գոյացող կիլոմետրանոց հերթերն են, վատ սպասարկումն ու քաղաքացիների համար ստեղծված տարատեսակ այլ խոչընդոտներ։
«Շատ մարտական ենք տրամադրված, ավելորդ անհարմարություններից խուսափելու համար հորդորում ենք մաքսազերծողներին այդ օրը զերծ մնալ մաքսազերծում իրականացնելուց, մաքսատան աշխատողներին էլ խորհուրդ ենք տալիս տաք հագուստներ վերցնել, քանի որ չգիտենք ակցիան ինչքան կտեւի»,– ասաց նա։
«Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանի խոսքով՝ մաքսային ծառայությունը հարկային հաշիվների դուրս գրման համակարգի՝ e-Invoicing–ի հիման վրա տրանսպորտային միջոցների մաքսազերծումն իրականացվում է երկակի ստանդարտներով։
«Մի դեպքում e-Invoicing–ով են անում, մյուս դեպքում՝ ոչ։ Օրինակ՝ նախորդ շաբաթ Ճապոնիայից բերված ավտոմեքենան մաքսազերծեցին e-Invoicing –ի հիման վրա, իսկ Գերմանիայից բերված ավտոմեքենան՝ ոչ, ասելով, որ դա իրենց համար արժանահավատ չէ»,–ասաց նա։
Անդադառնալով Նորագավիթի մաքսատանը գոյացող հերթերին, Պապոյանն ասաց.
«Կիլոմետրոնոց հերթեր են, մարդիկ չեն կարողանում օրենքով նախատեսված 10 օրվա ընթացքում մաքսազերծել իրենց մեքնենաները եւ ստիպված են լինում 10 օր անց մեքենան հանձնել մաքսային պահպանության, ինչի համար ստիպված են օրավարձ վճարել»։
Փաստաբանն առաջարկում է Մաքսային ծառայությունում իրականացնել կառուցվածքային եւ կադրային բարեփոխումներ. մասնավորապես՝ փոխել Նորագավիթի մաքսատան ներքին կահավորումը, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ կողմնորոշվեն տարբեր պատուհանների մոտենալիս, տեղում գործի թարգմանչական ծառայություն։
Ըստ նրա՝ մաքսատանը պետք է հերթագրվելու համար նախատեսված տեխնիկական սարքավորում տեղադրվի, որպեսզի անձինք սպասարկվեն միայն կտրոնի հիման վրա, որպեսզի հերթերի հետ կապված վեճեր չառաջանան։
Փաստաբանն առաջարկում է նաեւ ոչ աշխատանքային օրերին մաքսազերծում իրականացվի՝ վճարովի հիմունքներով։
«Համոզված եմ, որ կլինեն մարդիկ, որոնք կցանկանան ոչ աշխատանքային օրերին գումար վճարել՝ փոխարենը սպասարկվել շատ արագ, արդյունքում կլրացվի մաքսային ծառայության արտաբյուջետային ֆոնդը»,– նշեց նա։
Բանախոսները նաեւ առաջարկում են կոնտեյներներով բերվող մեքենաների մաքսազերծումն իրականացնել ոչ աշխատանքային ժամերին, որպեսզի հասարակ քաղաքացիները ստիպված չլինեն մի քանի ժամ հերթի մեջ սպասել։
Արտակ Խաչատրյանի խոսքով՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք բողոքի ակցիայի նպատակն է այնպես անել, որ հասարակ քաղաքացիները հնարավորություն ունենան արժանավայել պայմաններում մաքսազերծվում իրականցնել։
«Մարդկանց մի մասը էդ մաքսատան անունը զիբիլանոց է դրել, մի մասը՝ Սոդոմ–Գոմոր, այս մաքսատնից ավելի փնթի հիմնարկ Հայաստանում չես կարող գտնել ։ Այնտեղի աշխատանքն այսպես թե այնպես խաթարված է, այնտեղ մի կիլոմետրանոց հերթ է, մարդիկ ալարում են՝ չեն ուզում աշխատել, գնում ենք՝ բրդենք, որ աշխատեն»,–ասաց նա։




























