Շատ կարեւոր է չաղտոտել Սեւանա լիճը, բայց կարեւոր է նաեւ մակարդակը:  Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լումների ժամանակ նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցացիայի նախագահ Կարինե Դաինելյանը:

Նա ցույց տվեց այն էտապները, որն անցել է լիճը, եւ ասաց. «Հենց մակարդակը բարձացնում ենք, մեկ տարվա ընթացքում լիճը արձագանքում է դրական, հենց մակարդակն իջեցնում ենք՝ արձագանքում է բացասական»: 

Կարինե Դանիելյանը նշեց, որ զարմանալի է, բայց լճի ամենացածր մակարդակը եղել է 2001-2002 թվականներին, ինչը չպետք է լիներ. «Երբ ատոմակայանը փակ էր, էներգիան ստացվում էր Կասկադից, բայց 1995-ից կառավարությունը որոշում էր կայացրել այլեւս էներգետիկայի նպատակով ջուր բաց չթողնել Սեւանից: Բայց երբ գնում էինք, տեսնում էինք, որ Հրազդան գետը լիքը գնում է, եւ մակարդակը իջավ»,-ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ իրենք գիտեին, որ թեեւ հայտարարել էին, բայց էներգիայի համար ջուր էին բաց թողնում եւ այդտեղ հենց այն կոռուպցիոն ռիսկերն են, որի մասին խոսվում է:

Կարինե Դանիելյանը նկատեց, որ Սեւանա լճի մակարդակի հաշվարկում փոփոխություն է եղել, եթե առաջ Սեւ ծովով էին հաշվարկում, հիմա՝ Բալթիկ ծովով. «Այսինքն՝ մենք ոչ թե 1903,5 մետր, այլ + 20 սմ եւս պետք է  բարձրացնենք Սեւանը»:

Ըստ բնապահպանի՝ լճի մակարդակն արհեստականորեն իջեցնում են, քանի որ, ինչպես մամուլն է գրում, օլիգարխների վիլլաներն անմիջապես ափին են կառուցված եւ արհեստականորեն թույլ չեն տալիս, որ մակարդակը բարձրանա. «Ես հստակ չեմ կարող ասել, բայց 2012 թվականի երեք անգամ ունեցել ենք բացասական բալանս, որը օրենքը թույլ չի տալիս եւ լիճը բավական վատ է արձագանքում: Չնայած լիճը բավական հզոր է, որովհետեւ երբ ուսումնասիրություն էինք անում, մենք էլ էինք զարմացել, թե այդքան աղբ, այդքան կեղտաջրեր ընդունելով Սեւանն ինչպես է, որ ջրի որակը լավանում է միայն մակարդակը բարձրացնելով»:

Դանիելյանը կարծիք հայտնեց, որ այս տարվա ամռանը ջրի զանգվածային ծաղկելու պատճառը նախորդ տարի լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելն է եղել, որը մեծ հարված էր լճին:

«Մենք հույս ունեինք, որ ջրամբարը կմաքրվի, բայց նախորդ տարվա եւ այս տարվա իրավիճակը ցույց է տալիս, որ լիճը գնում է դեպի ճահճացում: Անցած տարվա հարվածին լիճը չդիմացավ»,-ասաց նա: