Հայաստանի փրկարարական ծառայության առաջին եւ միակ կին հրամանատար, փրկարար ծառայության կապիտան 37-ամյա Էվելինա Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքից է: Նա ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սեւանի թիվ 32 հրշեջ-փրկարարական գոկատի հրամանատարն է: Համակարգում է 2013թ-ից, թեեւ մասնագիտությամբ լեզվաբան է: Այս մասին NEWS.am-ին պատմեց ինքը՝ Էվելինա Խաչատրյանը:
«Ավարտել եմ Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանը, մասնագիտությամբ լեզվաբան եմ՝ անգլերենի մասնագետ: Զբաղվել եմ նաեւ պրոֆեսիոնալ լողով: 2005թ-ից Հայկական Կարմիր Խաչ ընկերությունում որպես կամավոր եմ հանդես եկել եւ այդ ընթացքում իրականացրել ենք ջրափրկարարական ծրագիր Հայաստանի մի շարք մարզերում: Այդ ժամանակ լողորդ էի, ջրասույզի մասնագիտությամբ ինտենսիվ սկսեցի զբաղվել համակարգ ընդունվելուց հետո»,-պատմեց Էվելինան՝ հավելելով, որ փրկարարական համակարգ ընդունվելու հարցում երկու կարեւոր գործոն է դերակատարություն ունեցել՝ օտար լեզվի իմացությունը եւ լողորդ լինելու հանգամանքը:
«Այս երկու գործոնների համադրությունը դուր եկավ լուսահոգի Արմեն Երիցյանին: Ես պատիվ ունեցա գտնվել նրա աշխատասենյակում, ով ընդունեց ինձ, լսեց եւ հասկացավ, որ ես կարող եմ: Քանի որ այդ ընթացքում միջազգային տարբեր գործընկերների հետ ենք համագործակցել, մասնակցել տարբեր վերապատրաստման դասընթացների ու նաեւ իմ սպորտային իմացությունն էլ կար, ստացվեց, ու ես մտա համակարգ»,-նշեց Էվելինա Խաչատրյանը:
2013թ-ի օգոստոսին Էվելինան նախ նշանակվում է Հատուկ վարչության ջրասուզական աշխատանքների իրականացման խմբի հրամանատարի տեղակալ, ապա մի քանի ամիս անց՝ 2014թ-ի ապրիլին՝ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սեւանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար:
«Սեւանի ջոկատի հրամանատար նշանակվելու գործում էլ մեծ եղավ Արմեն Երցյանի դերը: Նա եկավ ու դեպքի վայրում անձամբ տեսավ իմ ունակությունները: Այդ օրվանից մինչ այսօր նույն տեղում եմ աշխատում: Փրկարարական ծառայությունում առաջին եւ դեռեւս միակ կին հրամանատարն եմ հանրապետությունում, իմ ջոկատում ծառայում է 29 տղամարդ: Անձամբ մասնակցում եմ դեպքերի գրեթե 90 տոկոսին, իմ օրինակով ուղղորդում տղաներին, խորհուրդ տալիս կազմակերպչական հարցերում: Բոլոր դեպքերն էլ իրենց յուրահատկությունն ունեն, բոլորը շատ լավ հիշում եմ»,- պատմեց Էվելինան:
37-ամյա կապիտանը նշեց նաեւ, որ իր ենթակայությամբ ծառայող տղամարդիկ սկզբում թերահավատ էին իր ունակությունների եւ կարողությունների հանդեպ, սակայն ծառայության ընթացքը ցույց տվեց, որ պատահական մարդ չէր իրենց ղեկավարը.
«Սեռը, բնավ, կապ չունի: Կարեւորը կամքի ուժը կա, պատասխանատվության զգացումը կա, մարդկային վերաբերմունքը, փոխադարձ հարգանքը կա: Դա ինձ շատ օգնեց նրանց վստահությանը արժանանալու գործում: Ես կարծում եմ, որ մարդկային գործոնն ամենակարեւորն է ծառայության եւ աշխատանքի մեջ»,-ամփոփեց Էվելինան:
Հավելենք, որ Էվելինա Խաչատրյանը վերապատրաստման տարբեր ծարագրերի է մասնակցել ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
































