Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում 2017թ.–ի օգոստոսի 16-ին կնոջը բռնաբարելու համար համագյուղացուն սպանելու մեջ մեղադրվող Արթուր Լ.–ն դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Նման դատավճիռ է կայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Լ.–ն անցած տարվա օգոստոսի 10-ին երեկոյան կնոջից տեղեկացել է, որ Վարդան Գրիգորյանը բռնաբարել է նրան եւ հետագայում սիրահատել։ Օգոստոսի 16–ին Լալայանը, «Չնգիլ» կոչվող տարածքում կազմակերպված հացկերույթից հետո գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վրեժի և խանդի շարժառիթներով Վարդան Գրիգորյանին առանձին դաժանությամբ սպանել է։
37-ամյա Արթուր Լ.–ն մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ 2017թ. օգոստոսի 17-ին ժամը 15.10-ին ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:
Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթեւեկելի մասից ձախ, հայտնաբերել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի այրված ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դիակը:
Օգոստոսի 17-ին, ժամը 22.30-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 37-ամյա Արթուր Լալայանն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծելով սպանել է Վարդան Գ.-ին, նստեցրել նշված ավտոմեքենան, այնուհետեւ գլորել ձորն ու այրել:




























