2018 թվականի հունվարից սեպտեմբերի կեսերը Թուրքիայից Եվրամիություն ժամանած միգրանտների թիվն էականորեն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է DW–ն՝ վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի ներքին զեկույցը, որտեղ նշվում է, որ ընդհանուր առմամբ, 2018 թվականին  Թուրքիայից ԵՄ է ժամանել գրեթե 38 700 մարդ, որը 43 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ։

Թուրքական տարածքներից միգրացիայի արդյունքում հունական կղզիներում փախստականների ընդունման կենտրոնները գերլցված են եղել, հայտնում են Եվրոպական հանձնաժողովի  փորձագետները։ 2018 թվականի սեպտեմբերի կեսերին այնտեղ ավելի քան 20 հազար միգրանտներ են եղել՝ առավելագույնը 9500 մարդ տեղավորելու պարագայում։

2016 թ. ԵՄ–ն պայմանավորվել էր Անկարայի հետ, որ թուրքական իշխանություններն իրենց սահմանները կպահեն խիստ վերահսկողության ներքո, որ սահմանափակեն ԵՄ–ում ապաստան հայցողների հոսքը։ ԵՄ–ն Թուրքիային խոստացել էր 3 միլիարդ եվրո եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 28-ին  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հաստատել է, որ ԵՄ–ն կկատարի իր ֆինանսական պարտավորությունները։