1992 թվականին ՄԱԿ ԳԱ–ն մարտի 22-ը հայտարարեց «Ջրի համաշխարհային օր»։ Այս ժամանակից ի վեր Հայաստանում, փաստացի, ջրի հսկայական ծավալներ են յուրացվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն Հ/Կ նախագահ Արթուր Աթոյանը։ 

Նրա խոսքով՝ ջուրն անխղճորեն օգտագործում են տարբեր նպատակներով, եւ, որպես կանոն, երկրի եւ հասարակության համար առանց որեւէ էական օգուտի։

«Ջուրը մեզ համար համազգային սեփականություն է եւ ռազմավարական ռեսուրս։ Մի քանի հանցավոր խմբեր, գործելով ստվերում, յուրացրել են հսկայական նյութական ռեսուրսներ»,–շեշտեց Աթոյանը։

Աթոյանը հավաստիացրեց՝ ՀՀ–ն, լուրջ խնդիրներ ունի՝ կապված ջրի պակասի հետ։ Դա վերաբերում է ինչպես ձկնաբուծությամբ զբաղվող մասնավոր ձեռնարկություններին, այնպես էլ ՀԷԿ–երին։

Փորձագետը կարծում է՝Բնապահպանության նախարարությունը ռոբոտացման քաղաքականություն է վարում, որը նա բնութագրեց որպես ոչ արդյունավետ, կոշտ եւ նույնիսկ կոպիտ։ Հատկապես սա վերաբերում է ջրի օգտագործման թույլտվություն տալու հարցին։

Նա նաեւ հավաստիացրեց, որ ջրի որակի ու ծավալների մոնիտորինգը կեղծված է եղել եւ չի համապատասխանել իրականությանը։ Փորձագետը շեշտեց նաեւ, որ ՀՀ–ում ջրային ռեսուրսների պատշաճ կառավորում ու վերահսկողություն չի իրականացվում։

«Մենք ունենք օրենսդրություն, որով այդ ամենը կարգավորվում է, բայց այն պարզապես չի գործում»,–ասավ Աթոյանը։