ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ  ուղղակի շփումները պետք է հնարավորինս շատ լինեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողներին ասաց Ժիրայր Սեֆիլյանը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարում՝ անդրադառնալով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանավոր զրույցին եւ սահմանին հրադադարի ռեժիմի վերաբերյալ համաձայնության գալուն։

«Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին դեմքերի ուղղակի շփումը որքան շատ լինի առանց միջնորդների, այդքան ճիշտ կլինի»,- ասաց նա:Ժիրայր Սեֆիլյանը անդրադարձավ ներքաղաքական վիճակին՝ ասելով, որ հակահեղափոխության վտանգ չի տեսնում: Ըստ նրա՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն  չպետք է լինեն:

«Մենք մեզ ծայրահեղական չենք համարում, մենք մեզ համարում ենք արմատական»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապագայում էլ ծայրահեղ քայլերի կդիմեն։

Նշենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովին մի քանի բառ են միմյանց հետ փոխանակել։ Այնուհետեւ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իրենք պայմանավորվել են իրենց պաշտպանության նախարարներին հանձնարարական տալ՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու, սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ։