Թերթը հայտնում է, որ վերջին ամիսներին մեզանում բուռն քննարկումների առարկա է դարձել Հայաստանից արտագաղթողների խնդիրը։

«Հայաստանից արտագաղթի փաստը չեն ժխտում նաեւ պետական մարմինները, սակայն դրա իրական ծավալները քաղաքական նպատակներով շատ հաճախ արհեստականորեն ուռճացվում են։ Մեր ունեցած տեղեկություններով, արտագաղթի հետ կապված վիճակագրությունում անճշտությունների թիվը շատ դեպքերում կասկածելի է եղել։ Ի վերջո խնդրին ստիպված է եղել անդրադառնալ նաեւ հանրապետության նախագահը, որի հրահանգով եւ նախաձեռնությամբ հարցը լրացուցիչ ուսումնասիրվել է։ Արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ից մեկնող քաղաքացիների հաշվառումը կատարվել է ոչ ճիշտ։

Բանն այն է, որ ՀՀ-ից մեկնող քաղաքացիների տեղեկատվական համակարգում հաշվառվել են նաեւ հայկական ավիաընկերությունների չվերթերն իրականացնող օդային թռիչքային անձանակազմերի անդամները, որոնց ելքը ՀՀ-ից ֆիքսվել է, իսկ մուտքը՝ ոչ, կամ մասամբ։ Դրա հետեւանքով «Արմավիա» եւ «Էյր Արմենիա» ավիաընկերությունների թռիչքային անձնակազմերը (217 մարդ) 2010թ. իրականացված թռիչքների ընթացքում գրանցվել են որպես ՀՀ-ից մեկնող քաղաքացիներ։

Իսկ մեր թռիչքային անձնակազմերը իրականացրել են մոտավորապես 27 հազար թռիչք, այդ ընթացքում ընդգրկվելով ՀՀ-ից մեկնող քաղաքացիների ցանկում։

Ավելին՝ անճշտություններ են թույլ տրվել նաեւ ՀՀ-ից մեկնող այն քաղաքացիների հաշվառման ընթացքում, որոնք փաստաթղթերի ոչ լիարժեքության պատճառով երկրից փաստացի չեն մեկնել, սակայն տեղեկատվական համակարգում նրանց տվյալները մուտքագրվել են։ Այս ամենի արդյունքում արձանագրվել է Հայաստանից արտագաղթող 16 հազար 990 (մոտ 17 հազար) լրացուցիչ մարդ, որոնք փաստորեն ՀՀ-ում են, բնակվում են այստեղ եւ դուրս չեն եկել երկրից։

Մի կարեւոր հանգամանք եւս. տեղեկատվական համակարգում պարբերաբար ֆիքսվել են Հայաստանից մեկնող եւ մուտք գործող այն անձինք, որոնք ՀՀ քաղաքացիությունից բացի ունեն նաեւ այլ երկրի քաղաքացիություն, երկքաղաքացի են, նրանց մեծ մասը հիմնականում բնակվում է արտերկրում, ինչպես նաեւ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող այլ երկրների քաղաքացիները։

Կարելի է արձանագրել, որ առանց այդ ավելորդ հաշվարկված թվերի, մեր երկրից 2010 թվականին արտագաղթողների թիվը կազմում է մոտ 31 հազար մարդ։ Սակայն սխալ հաշվարկների արդյունքում արտագաղթողների թիվը արհեստականորեն աճել է»,- գրում է թերթը։