Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապ դեռեւս չի հաստատվել: Այս մասին հոկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության ժամին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով միջազգային հարաբերությունների հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի այն հարցին, թե արդյոք կարգավորվել է Ադրբեջանի նախագահի եւ իր միջեւ օպերատիվ կապը, ինչի մասին նա ավելի վաղ ասել էր Տաջիկստանից վերադառնալուց հետո:
Սակայն, ինչպես նշեց վարչապետը, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Եվ ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շատ հանգիստ է», - ընդգծեց Փաշինյանը:
Պատասխանելով Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիների ճակատագրի մասին հարցին, Փաշինյանը նշեց, որ կառավարությունը համալիր տեղեկատվություն ունի բոլոր դեպքերի վերաբերյալ եւ, անհրաժեշտության դեպքում, նա պատրաստ է այն տրամադրել իր հայ խորհրդարանականներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների գագաթաժողովին Փաշինյանը եւ Ալիեւը կարճ զրույց էին ունեցել: Ավելի ուշ վարչապետը հաղորդել էր, որ նրանք պայմանավորվել են պաշտպանության նախարարներին հանձնարարել նվազեցնել սահմանին լարվածությունը, ինչպես նաեւ հաստատել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Բացի այդ նրանք պայմանավորվել են օպերատիվ կապի գիծ ստեղծել կողմերի միջեւ, որպեսզի հնարավորություն ունենան պարզելու՝ ով է խախտել զինադադարը:




























