ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը «Ռեյթեր» գործակալության հետ հարցազրույցում թունավոր հաբի հետ է համեմատել ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի միջեւ USMCA առեւտրային պայմանագրի կետերից մեկը:
Այդ կետն, ըստ էության, ԱՄՆ-ին վետոյի իրավունք է տալիս այլ գործընկերների հետ երկու երկրների պայմանավորվածությունների վրա:
Կետի համաձայն՝ եթե երեք երկրներից մեկը առեւտրային գործարք կնքի ոչ շուկայական տնտեսությամբ պետության հետ, մյուս երկուսն իրավունք ունեն համաձայնագրից դուրս գալ եւ իրար հետ երկկողմ համաձայնագիր համաձայնեցնել: Գործակալությունը նշում է, որ Վաշինգթոնն այսկերպ ցանկանում է երաշխավորել, որ այլ գործընկերների հետ Կանադայի եւ Մեքսիկայի հարաբերությունները կարգավորվում են շուկայական սկզբունքներով, որի կատարումը ԱՄՆ-ն պնդում է Չինաստանի հետ հարաբերություններում: Ռոսը չի բացառել, որ ապագայում այս դրույթը կավելացվի նաեւ ԱՄՆ մյուս առեւտրային համաձայնագրերի մեջ:
Ավելի վաղ Մեքսիկայի Ձեռնարկատիրական համակարգող խորհրդի ռազմավարական բանակցությունների խորհրդակցական խորհրդի համակարգող Մոյսես Կալաչը հայտարարել էր, որ USMCA-ն նախատեսում է գործընկերներին իրազեկել այլ երկրների հետ առեւտրային համաձայնությունների մեջ մտնելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ խոսքն, այդ թվում, Չինաստանի մասին է: Ընդ որում՝ նոր համաձայնագրի հոդվածներից մեկով նախատեսվում է, որ USMCA երկրները կխուսափեն առեւտրային համաձայնագրեր կնքել այն երկրների հետ, որոնք շուկայականին չեն դասվում:
ԱՄՆ-ն, Կանադան եւ Մեքսիկան եռակողմ առեւտրային համաձայնության են եկել, որը հիմա կոչվում է USMCA: Թրամփը հույս ունի համաձայնագիրը ստորագրել մինչեւ նոյեմբերի վերջը, գործարքը դեռ պետք է ստանա երեք երկրների խորհրդարանների հավանությունը: Համաձայնագիրը փոխարինելու է Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտուն: Այն կդառնա աշխարհում խոշորագույն առեւտրային դաշնագիրը, որը ընդգրկում է տարեկան 1,3 տրլն դոլարի փոխադարձ առեւտուր:



























