ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի հրավերով աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում է: Պատվիրակությունը մասնակցել է ս/թ հոկտեմբերի 10-13-ն անցկացվող «Պետական եւ մասնավոր հարկադիր կատարման համակարգեր. համեմատական վերլուծություն եւ լավագույն փորձ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
Միջոցառմանը մասնակից էին պատվիրակություններ շուրջ 40 երկրներից, այդ թվում՝ Դատական կատարողների միջազգային միությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Բելառուսից, Չեխիայից, Ռումինիայից, Սերբիայից, Թաիլանդից, Չինաստանից, Աֆրիկա, Ամերիկա մայրցամաքներից եւ այլն:
Այս տարվա միջազգային գիտաժողովը լայն հարթակ է՝ ամբողջ աշխարհում հարկադիր կատարման համակարգերին առնչվող տարատեսակ խնդիրների վերհանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման եւ աշխատանքային հանդիպումների կազմակերպման համար:
Հոկտեմբերի 12-ին Հակոբ Հակոբյանը հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում գործող հարկադիր կատարման համակարգի մոդելը, Ծառայության ձեռքբերումները 20 տարիների ընթացքում, անդրադարձել է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման առավելություններին եւ հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Գործընկեր երկրների պատվիրակություններն, իրենց հերթին, շնորհավորել են կառույցի ղեկավարին՝ Ծառայության հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Աշխատանքային այցի ընթացքում Ծառայության ղեկավարը առանձնազրույցներ է ունեցել նաեւ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի, ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հետ: Կողմերը քննարկել են փոխգործակցության խորացման ու փորձի փոխանակման ընդլայնման հեռանկարները, որոնց շուրջ ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ:




























