Հայաստանում ի հայտ են եկել բնապահպանական նոր ռիսկեր՝ կապված ռադոն գազի ռադիոակտիվ ներգործության հետ։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ին լրագրողներին ասացին ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոսֆերային» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները՝ տնօրեն Արմեն Սաղաթելյանը եւ լաբորատորիայի վարիչ Լիլիթ Սահակյանը։
Նրանց խոսքով, ռադոն գազը գալիս է ընդերքից, եւ կուտակվում բնակելի տարածքներում, սակայն բնակչությունը դրա մասին բավարար չի իրազեկվում։ Ռադոնը բնական գազ է, որը 6-7 անգամ ծանր է մթնոլորտային օդից, այդ պատճառով կուտակվում է շենքերի առաջին հարկերում եւ նկուղներում։ Իսկ քանի որ մանկապատանեկան հիմնարկների մեծ մասը (օրինակ՝ մանկապարտեզները) Հայաստանում գտնվում են հենց ստորին հարկերում, իսկ երեխաների իմունային համակարգը դեռեւս ամուր չէ, հենց նրանք էլ առաջին հերթին ենթարկվում են ռադոնի ազդեցությանը։
Կենտրոնի հետազոտությունները Երեւանի եւ Քաջարանի մանկապարտեզներում ցույց են տվել, որ այդ տարածքներում ռադոնի պարունակությունը նորմայից զգալիորեն բարձր է; Իրավիճակն ավելի է սրվում այն պատճառով, որ ձմռանը պատուհանները հերմետիկ փակվում են, սենյակները վատ են օդափոխվում։ Երեխաները ավելի են ենթարկվում ռադոնի ազդեցությանը թեկուզեւ այն պատճառով, որ ավելի կարճահասակ են։ Բացի այդ, ըստ Ա. Սաղաթելյանի, մեր երեխաները խաղալիս օրական 3 գրամ աղտոտված հող են ուտում։
Ռադոնի ակտիվությունը, ըստ փորձագետների, պայմանավորված է մեր տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության մեծացմամբ։ Նույնիսկ հարեւան երկրներում տեղի ունեցող երկարաշարժները առաջացնում են ռադոնի ալիքներ, որոնք հանրապետության ողջ տարածքում կայուն ֆոն են ստեղծում։



























